Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

22 Հոկտեմբերի 2026, 19:04

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10:00-ին»,- նշել է նա։

Անդրադառնալով գործի իրավական կողմերին՝ պաշտպանն ընդգծել է, որ այստեղ անհրաժեշտ է տարանջատել մի քանի առանցքային հարցեր։

«Նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք ցույց կտային, թե դատարանի որոշումը հաղթահարված է։ Այսինքն՝ դատարանը հերքել էր Սեդրակ Քոչարյանի առնչությունն իրեն մեղսագրվող յոթ դրվագներից հինգին, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է ներկայացվեին հիմնավորումը հաստատող տվյալներ։ Սակայն դրանք չեն բերվել, իսկ վերաքննիչ ատյանում ստուգվելուց հետո այդ մասով ամեն ինչ մնացել է նույնը»,- նշել է Կոչուբաևը։