Նիցցայի իշխանություններն առաջարկել են Բաքվում պահվող հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23 Հոկտեմբերի 2026, 12:30

Հասարակություն

Նիցցայի քաղաքային իշխանություններն առաջարկել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին շնորհել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։

Նշվում է, որ այս խորհրդանշական քայլը ֆրանսիական քաղաքի իշխանությունների աջակցության և համերաշխության դրսևորումն է։

Նիցցայի քաղաքապետարանի դարպասներին՝ քաղաքապետ Էրիկ Սիոտիի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ, փակցվել են հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դիմանկարները։ Ակցիայի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել Բաքվի բանտերում պահվող 20 հայերի ծանր վիճակի վրա։

Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են նաև արցախյան հակամարտության պատմությունը և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները։