Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել
24 Հոկտեմբերի 2026, 14:30
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերին պատկանող երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Մանիլայից հարավ՝ Բաթանգաս նահանգում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներին։
Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ ուսումնական թռիչքի ժամանակ։
«Ֆիլիպինների ռազմաօդային ուժերը սգում են Ֆերնանդո ավիաբազայում ուսումնական թռիչքի ժամանակ SF-260 երկու ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչուների մահը։ Երկու օդանավերն էլ ընկել են ավիաբազայի տարածքում։ Այլ տուժածներ չկան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Աղետի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետաքննության ընթացքում դադարեցվել են SF-260 տիպի բոլոր ինքնաթիռների թռիչքները։