Գյումրու դպրոցականները՝ ռոբոտաշինության Եվրոպայի բաց առաջնության հաղթող

25 Հոկտեմբերի 2026, 16:57

Կրթություն

Գյումրիի «Գյումրի» մշակման լաբորատորիայի թիմը Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի (WRO) Եվրոպայի բաց առաջնությունում առաջին տեղն է գրավել, հայտնել է մրցույթի պաշտոնական կայքը։

ՀՀ դպրոցականները հաղթել են Future Innovators («Ապագայի նորարարներ») անվանակարգի ավագ տարիքային խմբում՝ ներկայացնելով ռոբոտ, որը սկանավորում է տպագիր գրքերը և դրանց բովանդակությունը վերածում աուդիոյի, տեսանյութերի ու սահիկաշարերի։

Նախագիծը նախատեսված է տեսողության խնդիրներ և ընթերցանության դժվարություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մեծածավալ գրականություն ուսումնասիրողների համար։

Թիմի կազմում ընդգրկված են 15-16-ամյա Սիլվի Խաչատրյանը, Էլեն Խաչատրյանը և Դավիթ Պետրոսյանը։ Նրանց մարզիչն Աշոտ Զիլֆիմյանն է։

Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 13-16-ը՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ ավելի քան 200 թիմի մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացրել է 6 թիմ, որոնք հաղթել էին օլիմպիադայի ազգային փուլում։ Նրանցից երկուսը մասնակցել է Future Innovators, իսկ չորսը՝ RoboMission անվանակարգի մրցումներին։