Երևանյան որոշ «չենջերում» 2006 թվականի թողարկման 100 դոլարանոցը արդեն հին է
31 Օգոստոսի 2023, 12:30
Alpha News-ին են դիմել մեր որոշ համաքաղաքացիներ, դժգոհելով, որ արտարժույթի փոխանակման երևանյան որոշ կետեր, հրաժարվում են ավանդական դիզայնով՝ կանաչ գույնի դոլարներով գործարք իրականացնելուց: Քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, 2006 թվականի թողարկման 100 դոլարանոցը չի կարողացել փոխանակել, նրան ասել են, որ այն արդեն հին է, և կփոխանակեն միայն 1 տոկոս միջնորդավճարի դիմաց:
Նշենք, որ այսպես կոչված «հին» թղթադրամները երբեք էլ շրջանառությունից դուրս չեն եկել, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ անգամ ԱՄՆ-ում: 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց նոր դիզայնով 100 դոլարանոցների մասին: Թղթադրամի վրա ավելացվեց նոր կապույտ թանաքագիծ, որը փոփոխում է իր գույնը պղնձագույնից դեպի կանաչ:
Մենք փորձեցինք հասկանալ, թե արդյոք Կենտրոնական բանկը ունի՞ համապատասխան հրաման բանկերին կամ արտարժույթի փոխանակման կետերին, ըստ որի մինչև 2010-ը թվականը շրջանառվող բոլոր ԱՄՆ թղթադրամները համարվում են ոչ պիտանի, կամ արդեն շրջանառությունից դուրս են: Պատասխանը ներկայացնում ենք ստորև՝
«Ի պատասխան օգոստոսի 29-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, և ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի և ինչ սակագնով):
Կենտրոնական բանկը որևէ արտարժույթի որևէ տարվա թողարկման դրամանիշեր չընդունելու հրահանգ չի տվել. ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»:
Alpha News-ը տեղեկությունը ճշտելու համար զանգահարեց նաև մի քանի բանկ: «Ամերիաբանկի» մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բանկը կոնկրետ նման հրահանգ կամ կարգավորում առհասարակ չունի ամերիկյան դոլարների հետ կապված:
«Արդշինբանկ»-ից նույնպես հերքեցին, որ այդպիսի ներքին կարգավորում կա, կամ էլ հրաման Կենտրոնական բանկից: Միայն նշեցին, որ 1996 թվականից ավելի վաղ թողարկված 100 դոլարանոցները իրենց բանկում փոխանակում են միայն 3 տոկոս միջնորդավճարի դիմաց:
Թե ինչու՞ են արտարժույթի փոխանակման կետերում որոշել, որ, օրինակ, 2006 թվականի արտադրության 100 դոլարանոցն այլևս հին է, պետք է զբաղվի արդեն ոչ «4-րդ իշխանությունը»: