ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը
31 Օգոստոսի 2023, 16:12
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։
«Ես և իմ ֆրանսիացի գործընկերը օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է», — ասել է Բերբոքը Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելիս:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին՝ շեշտելով մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։
«Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար», — ընդգծել է Անալենա Բերբոքը։
Բերբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակում է տեղի ունենում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես ստանա մարդասիրական օգնություն։