Իմ «ես»-ի մի մասը հայ է, սա իմ ամենաինտելեկտուալ հատվածն է. Միշել Լեգրան

07 Սեպտեմբերի 2023, 00:50

Հայեր | Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Միշել Լեգրանը ֆրանսիահայ հայտնի կոմպոզիտոր է, դիրիժոր, գործիքավորող, երգիչ, ավելի քան 250 ֆիլմերի երաժշտության հեղինակ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։

Իր լեգենդար ազգանունն ու առաջին երաժշտական ​​փորձը մաեստրոն ստացել է հորից՝ Ռայմոնդ Լեգրանից՝ կոմպոզիտոր, դիրիժոր և նվագախմբերից մեկի ղեկավարից։ Իսկ Միշելի մայրը հայազգի դաշնակահար Մարսել Տեր-Միքայելյանն է։ Մաեստրոն ստեղծել է ավելի քան 800 աշխատանք 250 ֆիլմերի համար, ձայնագրել մոտ 100 ալբոմ։ Նա Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանակիր է:

Լեգրանը Հայաստան է այցելել 2006թ.-ին, և Շառլ Ազնավուրի հետ Հանրապետության հրապարակում մի երգ կատարել: Երկրորդ անգամ Միշել Լեգրանն իր պատմական հայրենիք է այցելել 2009 թվականին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական ​​երիտասարդական նվագախմբի հրավերով։

Նա արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշան»-ի։ Լեգրանը շատ հպարտ էր իր հայկական արմատներով և միշտ հաճույքով էր ասում.

«Ես ինձ իսկապես հայ եմ զգում: Այո, ես ծնվել եմ Փարիզում, սակայն իմ «ես»-ի մի մասը հայ է։ Սա իմ ամենաինտելեկտուալ հատվածն է, քանի որ ծանոթ եմ հայկական մշակույթին ու երաժշտությանը, շատ եմ կարդացել իմ հին ու գեղեցիկ երկրի պատմությունը։ Տխուր պատմություն՝ լի սարսափելի իրադարձություններով, բայց, ի հեճուկս ամեն ինչի, շարունակվում է նոր, զարգացող Հայաստանում»։