Իրանն ու Ռուսաստանը հետեւություններ են անելու հայ-ամերիկյան զորավարժություններից. Արթուր Խաչիկյան
06 Սեպտեմբերի 2023, 22:50
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը կարծում է, որ հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը բացասական հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար:
«Սա միայն բարդացնելու է մեր իրավիճակը, քանի որ մեկ անգամ եւս մեր հարեւան պետությունները, որոնք ռեալ շահեր ունեն Հայաստանում ու գուցե պատրաստ են ինչ-որ գործողություններ կատարել, այդ պետությունները մեզ չեն վստահելու: Իրանը եւ Ռուսաստանը հետեւություններ են անելու, որ այս ղեկավարությունը շարունակում է փորձել մի քանի աթոռի վրա նստել, հետեւաբար մեզ հետ գործ ունենալ չի կարելի»,- Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետը:
Պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: Հայ-ամերիկյան զորավարժությունն ըստ պաշտպանական գերատեսչության՝ նպատակ ունի բարձրացնել հայկական ստորաբաժանումների պատրաստվածությունը, որոնք ընդգրկված են ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խախաղության ծրագրում:
Արթուր Խաչիկյանն ընդգծել է, որ զորավարժությունը որպես կանոն իր մեջ ուղերձ է պարունակում եւ պետությունները, որոնք զորավարժություններ են անում, պետք է պատրաստ լինեն ռեալ քայլերի: Մինչդեռ ըստ նրա՝ Միացյալ Նահանգների հետ զորավարժությունները՝ Հայաստանին ոչինչ չեն տալու, ավելին՝ հարվածելու են Իրանի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին:
«Արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, ԱՄՆ-ն կարո՞ղ է հայտարարել, որ կապահովի Արցախի ժողովրդի կամ Հայաստանի անվտանգությունը: Ես չեմ կարծում, որ նրանք դա կանեն»,- ասել է Արթուր Խաչիկյանը՝ հավելելով, որ օրինակ՝ Ուկրաինայի դեպքում՝ պետությունները անվտանգության երաշխիքներ են տրամադրում, իսկ Հայասանի դեպքում դա չկա: