«Առաջնային խնդիրը հայերի հեղինակության բարձրացումն է»․ Մոսկվայում լույս է տեսել «Ռուսաստանի հայերը» խորագրով ֆոտոալբոմը
07 Սեպտեմբերի 2023, 12:35
Մոսկվայում լույս է տեսել գրող, հրատարակիչ, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի՝ «Ռուսաստանի հայերը» խորագրով ֆոտոալբոմը։
Ռուսաստանում և արտերկրում ավելի քան 100 ցուցահանդես հեղինակած Լևոն Օսեպյանը հայտնի է իր դիմանկարների հավաքածուներով։ Մշակույթի և հասարակական գործիչների, գիտնականների, պատմաբանների, հայտնի ու անհայտ հայերի դիմանկարների ստեղծման վրա լուսանկարիչն աշխատում է արդեն 10 տարի։
«Ռուսաստանի հայերը» խորագրով ֆոտոալբոմի առաջին թողարկման մեջ ներկայացված են Ռուսաստանի տարբեր քաղաքներում բնակվող մեր ժամանակակից հայերը՝ բիզնեսմեններ, արվեստագետներ, գիտնականներ, ճարտարապետներ, փաստաբաններ և այլ տարբեր մասնագիտությունների տեր՝ շուրջ 125 հայրենակիցներ։
Alpha News-ի հետ զրույցում Լևոն Օսեպյանը նկատում է, որ նման ֆոտոալբոմի հրատարակման առաջնային խնդիրն, առհասարակ, եղել է բարձրացնել հայերի հեղինակությունը։ Բացի դրանից այն լավ հնարավորություն է տվել հայերին՝ միմյանց հետ նոր կապեր հաստատելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու։
Լևոն Օսեպյանը պատրաստվում է հրատարակել Ռուսաստանի հայերին ներկայացնող նաև երկրորդ ֆոտոալբոմը։ Բացի դրանից լուսանկարիչը Ղարաբաղին վերաբերող մեծ նախագծի վրա է աշխատում։ Այս և այլ նախագծերի պլանների, արդեն հրատարակված ֆոտոալբոմի մասին է Լևոն Օսեպյանի հետ Alpha News-ի զրույցը։