Արգենտինայի հայ համայնքի կառույցները շնորհակալություն են հայտնել նախագահ Ֆերնանդեսին՝ G20-ում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելու համար

12 Սեպտեմբերի 2023, 15:52

Քաղաքականություն

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները (IARA) նամակ են հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ շնորհակալություն հայտնելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի շրջափակումը դատապարտելու համար։

Նշենք, որ Ֆերնանդեսն այդ մասին խոսել է Պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի 1-ին լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։

«Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների անունից գրում ենք ձեզ՝ մեր ամենաանկեղծ երախտագիտությունը հայտնելու ձեր աջակցության համար Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակի կապակցությամբ, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական շրջափակմամբ»,-ասված է IARA-ի նախագահ Ալեխանդրո Կալփաքյանի նամակում։

Կալփաքյանի խոսքով՝ Արգենտինայի նախագահի ճշգրիտ հայտարարությունները նպաստում են Արցախում առկա իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության սևեռմանը։

Հիմա եթերում