Աղդամով երթուղու բացումը կարևոր քայլ է, որը նախատեսված է Լաչինի միջանցքի բացումը հեշտացնելու համար. Միշել
13 Սեպտեմբերի 2023, 12:50
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը կոչված է հեշտացնելու Լաչինի միջանցքի բացումը։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ։
«Իրավիճակը արագորեն վատանում է։ Շատ կարեւոր է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը Ղարաբաղի հայերին։ Կոչ ենք անում շահագրգիռ կողմերին՝ պատասխանատվություն և ճկունություն դրսևորել ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը ապահովելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բարդ իրավիճակը տեղում շատ երկար է տևել, և այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական օգնությունը, այդ թվում՝ աշնանային և ձմեռային եղանակներին ընդառաջ։
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։ Եվրամիությունն ակնկալում է, որ առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։