Արցախի համար կարմիր գիծը ոչ թե Ակնայի ճանապարհն է, այլ որ բեռը չլինի ադրբեջանաթուրքական. Վիգեն Հակոբյան
15 Սեպտեմբերի 2023, 23:20
Արցախի համար կարմիր գիծն այն է, որ Ստեփանակերտ ուղարկվող հումանտիար բեռները չլինեն Ադրբեջանից ու Թուրքիայից։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ստեփանակերտի ներկայությունը այնքան էլ անմիջական չէ, որովհետև հիմնականում բանակցություններում հանդես է եկել Ռուսաստանը՝ ի դեմս Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ղեկավարության։ Հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է, իրենք փորձում են ի կատար ածել այն պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել մեկ բեռնատարի անցկացման հետ կապված, որին պետք է հետևեր Լաչինի ճանապահի բացումը։ Տվյալ պարագայում, Ռուսաստանն է համարում մեծ պրոբլեմ, որ այդ պայմանավորվածությունները ի կատար չեն ածվել և այստեղ ոչ միայն Ռուսաստանի իմիջի հարցն է, այլ նաև Ռուսաստանի ֆունկցիոնալ լինելու հարցն է»,- նշել է քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ Բաքվի համար կարևոր պայմանն այն է, որ հենց իր ուղարկած բեռը մտնի Արցախ․
«Ադրբեջանի համար, իհարկե, սկզբունքային է, որպեսզի իր կողմից ուղարկված բեռները մտնեն Արցախ՝ որպես ռեինտեգրման խորհրդանիշ, որպեսզի դա ընկալվի, որ Ադրբեջանը իր շրջաններից մեկին մատակարարում է սննդամթերք և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Արցախի համար կարմիր գիծը ոչ թե տվյալ պարագայում, Աղդամի ճանապարհի բացումն է, այլ որ Արցախը՝ որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում, թե որ երկրի բարեգործական բեռը բաց թողնի կամ բաց չթողնի, ինչպես ցանկացած անկախ պետություն՝ ինքը պետք է որոշի, թե որ ճնապարհով այդ բեռը գա։ Իր համար կարմիր գիծն այն է, որ այդ բեռը չլինի Ադրբեջանից ու Թուրքիայից»,- եզրափակել է Հակոբյանը։