Արցախում ապրելը երազանք էր. սիրիահայ բուժքույր

16 Սեպտեմբերի 2023, 23:40

Հայեր

Արցախի շրջափակումը փոխել է Շուշիի շրջանում ապրող մարդկանց կենսակերպը: Այդուհանդերձ, շրջանի ոչ մի բնակիչ, առ այսօր, գյուղը լքելու ցանկություն չի հայտնել:

«Գյուղը դեռ կիսված ընտանիքներ ունի. մի մասը գտնվում է ՀՀ-ում, մյուս մասը՝ Ստեփանակերտում: Օրինակ, Սուրեն պապը գնացել էր Երևան՝ բժշկի, բայց չկարողացավ վերադառնալ, Գեղամի կինն էլ մնաց Երևանում: Կան ուսանողներ, որոնք այդպես էլ չկարողացան Ստեփանակերտ հասնել: Ունենք բնակիչներ, որոնք եկել էին Գորիսից, սակայն շրջափակման պատճառով մնացին մեզ մոտ: Ընտանիք ենք դարձել: Մի կտոր հացն էլ փշուր-փշուր բաժանում ենք մարդկանց»,- Artsakhtertի հետ զրույցում ասել է Շուշիի շրջանի Մեծ շեն բնակավայրի բուժքույր Սևան Մանջիկյանը:

— Տիկին Սևան, ի՞նչ կա այսօր գյուղացիների սեղանին:

-Փառք Աստծո՛: Հիմա ուտում ենք այն, ինչ ցանել ենք: Աչքներս չորս արած հետևում ենք իրադարձություններին՝ մի ճանապարհ բացվի` մեր այգու բարիքներից հասցնենք քաղաքին: Գյուղում ապրողը շատ, թե քիչ՝ կդիմանա, իսկ բարձրահարկ շենքում ապրողը…

Սևան Մանջիկյանը ծնվել ու մեծացել է Սիրիայում: Մայրը՝ Խարբերդից է, հայրը՝ Քեսաբից: Արմատներով սասունցի սիրիահայն ամուսնացել է ամերիկահայ Կարապետ Ափելյանի հետ: Մի քանի տարի ապրել են Սիրիայում և 2019 թվականին աղջկա՝ Մարալի հետ, տեղափոխվել Երևան: Սակայն, Արցախում ապրելը ընտանիքի համար վաղուց երազանք էր: 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատում էր Երևանի հիվանդանոցներից մեկում, անդամագրվեց որպես կամավոր բուժքույր, բայց Արցախ հասնել էլի չհաջողվեց: Վերադարձավ պատերազմից մեկ տարի անց:

 «Արցախից մեր ընկեր ամերիկահայ Շանթը զանգեց ու ասաց՝ Սևա՛ն, լեռների մեջ սահմանմերձ փոքր գյուղ կա, բուժքրոջ կարիք ունեն: Առանց երկմտելու 2021 թվականի օգոստոսին ընտանիքով տեղափոխվեցինք Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղ: Մինչև այսօր այստեղ ենք ու չենք էլ մտածում հեռանալու մասին»,-պատմում է բուժքույրը:

Ինչպես Արցախի յուրաքանչյուր բնակավայրում, Մեծ շենում էլ սուրճ, աղ, լվացքի փոշի պատրաստելու հնարը գտել են: Այստեղ նույնիսկ խակ խաղողից կիտրոնահյութի նման մի բան են պատրաստել: Սևանն իր փորձով է կիսվել, իսկ տեղացիներից էլ շատ բան է սովորել. «Ես չգիտեի ժենգյալով հաց թխելը, չգիտեի՝ ինչ է ղափաման կամ ինչպես են պատրաստում հայկական խաշլաման»:

— Երբևէ զղջացե՞լ եք վերադաձի համար:

-Ո՛չ, երազանք էր Արցախում ապրելը:

-Ի՞նչ տվեց Արցախը Սևան Մանջիկյանին:

— Տուն: Ես արցախցիներին շատ եմ սիրում: