Փաշինյանը Հայաստանում վարում է միայն թուրքամետ քաղաքականություն. Ստեփան Դավթյան

16 Սեպտեմբերի 2023, 18:50

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները՝ ԱՀ նախագահին առաջնորդ անվանելով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ  Ստեփան Դավթյանը՝ հավելելով, որ այդպես Ալիևն է Արցախի նախագահներին անվանել։

«Եվրանախագահներից սկսված մինչ այսօր որևէ մի երկիր չի ասել, որ չի ճանաչում Արցախի ընտրությունները։ Բայց միայն Արցախի վերջին նախագահական ընտրություններից հետո, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտարարեցին, որ չեն ճանաչում ո՛չ Արցախը, ո՛չ էլ նորընտիր նախագահին։ Այս ամենը որտեղի՞ց ծնվեց։ Ծնվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ Արցախը Ադրբեջան է և նույնիսկ չշնորհավորեց ԱՀ նախագահին՝ ասելով, որ առանձնապես շնորհավորելու բան էլ չկա։ Նա նույնիսկ նախագահի փոխարեն առաջնորդ բառն օգտագործեց։ Նշեմ, որ այդպես Ադրբեջանն է Արցախի նախագահներին անվանել»,- իր խոսքում ասել է Դավթյանը։

Նրա կարծիքով, հեղափոխությունից հետո Փաշինյանը Հայաստանում վարում է միայն թուրքամետ քաղաքականություն։

«Ցեղասպանության 100-ամյակին մի շարք քաղաքական գործիչներ եկան Հայաստան, խոնարհվեցին ու ընդունեցին Եղեռնը, Ջո Բայդենը տարիներ առաջ հայտարարեց, որ հայկական եղեռն է եղել, սրանք մեզ համար մեծ հաջողություններ էին, բայց դրանից ընդամենը տարիներ անց՝ ավելի կոնկրետ` հեղափոխությունից հետո, մենք հրաժարվում ենք այդ ամենից։ Սա ի՞նչ է նշանակում՝  թուրքամետ քաղաքականություն, ուրիշ բան չկա»,- վստահեցրել է Դավթյանը։