ՔՊ-ն կորցնում է իշխանությունը, նա լեգիտիմություն չունի. Արամ Նավասարդյան

18 Սեպտեմբերի 2023, 14:29

Քաղաքականություն

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցության վրա ազդեցություն է ունեցել թեկնածուների բանավեճը, որը տեղի էր ունեցել ընտրություններից երկու օր առաջ:

Ըստ «Gallup International Association»-ի սեպտեմբերի 15-ին ներկայացրած տվյալի՝ հարցվածների շուրջ 50%-ը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել ընտրություններին, բայց նախնական տվյալով, նախօրեին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 234 436 քաղաքացի (ընտրելու իրավունք ունեցող 824 316 քաղաքացուց,- խմբ.) կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28. 44%-ը։

«Մի բան է ասել, որ կգան ընտրությունների, մեկ այլ բան՝ իրագործել ասածը: Կարծում եմ, որ ընտրությունների ցածր մասնակցության վրա կարող է ազդած լինել բանավեճը, քանի որ սա շատ ինֆորմացիա փոխանցեց մեր քաղաքացիներին: Ըստ էության, նրանք, ովքեր խոստացել էին, որ կներկայանան ընտրություններին՝ հիասթափվեցին, չլսելով հստակ գաղափարներ 12 ուժերից, 2 ուժ էլ չէր մասնակցել այդ բանավեճին»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե ընտրություններին մասնակցեին ավելի քիչ քաղաքական ուժեր, ապա մասնակցությանը թիվը բարձր կլիներ:

«Gallup International Association»-ի սեպտեմբերի 15-ին ներկայացրած տվյալի՝ ՔՊ-ին իր ձայնը տվել էր 802 հարցվածներից 22,5%-ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությանը՝ (Հայկ Մարության) 14,3%-ը, «Մայր Հայաստան» դաշինքին՝ (Անդրանիկ Թեւանյան) 7,8%-ը, «Հանրային ձայն» կուսակցությանը՝ (Արտակ Գալստյան) 6,7%-ը, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ (Մանե Թանդիլյան) 5,7 %-ը, իսկ «Հանրապետություն» կուսակցությանը՝ (Արտակ Զեյնալյան) 5,2 %-ը:

Ընտրությունների նախնական տվյալով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 75, 463 ձայն կամ 32. 57%, «Ազգային առաջընթացը»՝ 43, 765 ձայն կամ 18․ 89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35, 739 ձայն կամ 15. 43%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26, 236 ձայն կամ 11.3 2%, «Հանրային ձայնը»՝ 22, 431 ձայն կամ 9. 68%, իսկ Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիրը» չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 8425 ձայն կամ 3.64%:

«Կարծում եմ՝ պատշաճ վերահսկողության արդյունքում «Հանրապետություն» կուսակցության հետ կապված պատկերն այլ կլիներ: Հասկանալի է, որ ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում իշխող ուժն էր, նրանք վերահսկում էին ՔՊ-ի ձայների հավաքագրմանը, ինչը ճիշտ մոտեցում չէր եւ կարծում եմ, որ դրանից կարող էին օգտված լինել ինչ-ինչ ուժեր»,- նկատեց Արամ Նավասարդյանը:

«Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայն» կուսակցությունն ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի՝ բավականին լավ ցուցանիշներ են գրանցել ընտրություններում: Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, ապա Արամ Նավասարդյանը կարծում է, որ ցածր ցուցանիշը պայմանավորված է բանավեճի արդյունքների հետ, որտեղ «Ապրելու երկիրը» թիրախավորվել էր:

Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ ուժ չի ստացել ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանություն կձեւավորվի միայն կոալիցիայի միջոցով: Կոալիցիայի երկու հավանական տարբերակ կա. իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա է կազմում «Հանրապետություն» կուսակցության հետ, իսկ մյուս երեք ընդդիմադիր ուժերն էլ իրար հետ: Բայց իշխող ուժին նույնիսկ կոալիցիայի միջոցով չի հաջողվում իշխանություն վերցնել, նրանց պակասում է մեկ մանդատ: «Քաղաքացիական պայմանագիրը» «Հանրապետություն» կուսակցության հետ միասին ունի 32 մանդատ, իսկ ընդդիմադիր երեք ուժերը իրար հետ՝ 33:

Արամ Նավասարդյանը կարծում է, որ իշխող ուժը ճնշումներ կգործադրի ավագանու ընդդիմադիր անդամների վրա եւ նրանց մանդատը կկորզի հօգուտ իրենց հաղթանակի:

«Իշխող ուժը հեշտ չի հանձնվելու եւ քաղաքային իշխանությունը զիջելու, նրանք կգործարկեն պլան Բ-ն, նոր քրեական գործեր կհարուցեն, ճնշումներ կգործադրեն ավագանու անդամների վրա: Օրինակ՝ «Հանրային ձայն» կուսակցության առաջին համար Արտակ Գալստյանը մի քանի ամիս է՝ ինչ ձերբակալված է: Մեկ այլ տարբերակ էլ կա.

քվեարկության ժամանակ կփորձեն մանդատ գողանալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից: Ամեն դեպքում, ընտրություններում հաղթանակ չգրանցելը ցույց է տալիս, որ իշխող ուժը կորցնում է իշխանությունը, Երեւան քաղաքը իրենց կուսակցության համար մեծ հարված էր, անկախ նրանից, թե ով ու ինչ տոնայնությամբ է գոռգոռում: Այս ընտրությունների ցուցանիշները վկայում են, որ ՔՊ-ն եւ նրա ղեկավարը լեգիտիմություն չունեն Արցախի կարգավիճակին վերաբերող փաստաթղթեր ստորագրել հարեւան երկրների հետ»,- հավելեց Արամ Նավասարդյանը:

Հավելենք՝«Հանրային ձայն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի հետ: Նրանք կողմ են, որ Անդրանիկ Թեւանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում: