Ընտրության արդյունքով՝ ՔՊ-ն այլեւս չի կարող Արցախի հարցում շարունակել իր քաղաքականությունը՝ չնայած արտաքին պահանջին. Բադալյան

18 Սեպտեմբերի 2023, 18:05

Քաղաքականություն

Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ուժն, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, պարտվեց, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը նվազել է: Նրա համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում վարկանիշ չունի եւ քարոզարշավին նրա մասնակցությունը խանգարեց Տիգրան Ավինյանի հաղթանակին, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է:

«Եթե, օրինակ, «Ավինյան» դաշինք լիներ եւ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» եւ քաղաքի զարգացման լավ ծրագիր ներկայացվեր, ապա Տիգրան Ավինյանը ավելի շատ ձայն կստանար: Քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը իջեցրեց ՔՊ-ի ձայները»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ընտրություններում ցածր մասնակցությունն ըստ քաղտեխնոլոգի՝ պայմանավորված է մի քանի գործոնով:

«Տեղին չէ, երբ այս ընտրությունները համեմատվում է ավագանու 2017-ի եւ 2018-ի ընտրությունների հետ, որովհետեւ 2017-ին փողի գործոն կար, իսկ 2018-ին՝ հեղափոխական էյֆորիայի: Այդ երկու գործոնների բացակայության պատճառով բնական է, որ մասնակցությունը քիչ էր լինելու: Երրորդ պատճառն այն է, որ քաղաքական ուժերի ծրագրերը գրավիչ չէին, իշխող ուժը, օրինակ, ԺԵԿ-ի ծրագիր էր ներկայացնում, իսկ ընդդիմադիր՝ «Մայր Հայաստան»-ը չներկայացրեց, թե ինչպես է Արցախը փրկվելու, եթե Անդրանիկ Թեւանյանն ընտրվի քաղաքապետ, դե, մյուս ուժերին էլ չեմ անդրադառնում: Չորրորդ պատճառը՝ հասարակության անտարբերությունն է, իսկ հինգերորդը՝ ընտրությունների նկատմամբ անվստահությունը, որովհետեւ նախկինում ընտրությունների միջոցով իշխանությունը չի պարտվել, միշտ հաղթել է, իսկ այս իշխանությունները պարտվեցին»,- ասաց Արմեն Բադալյանը:

Ընտրությունների նախնական տվյալով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը (Տիգրան Ավինյան) ստացել է 75, 463 ձայն կամ 32. 57%, «Ազգային առաջընթաց»-ը՝ (Հայկ Մարության) 43, 765 ձայն կամ 18․ 89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ (Անդրանիկ Թեւանյան) 35, 739 ձայն կամ 15. 43%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ (Արտակ Զեյնալյան) 26, 236 ձայն կամ 11.3 2%, «Հանրային ձայն»-ը՝ (Արտակ Գալստյան) 22, 431 ձայն կամ 9. 68%, իսկ Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր»-ը չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 8425 ձայն կամ 3.64%:

Արմեն Բադալյանը կարծում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը քիչ ձայն է հավաքել, քանի որ նրա՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը չի վայելում երեւանցիների համակրանքը, ի տարբերություն, օրինակ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ «Հանրապետություն» կուսակցությանը հաջողվել է շատ ձայն հավաքել, քանի որ նրան աջակցել է իշխող ուժը:

«ՔՊ-ն հասկացել էր, որ միայնակ 50+1% ձայն չի հավաքելու եւ նրան դաշնակից է պետք, իսկ ամենահավանական թեկնածուն «Հանրապետություն» կուսակցությունն էր, որովհետեւ նա հակառուսական քաղաքականության կողմնակից է: Խնդիր էր դրված, որ ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը միասին ավելի շատ ձայն ստանան, քան մյուս երեք ուժերը, որպեսզի ավագանու կազմ չանցած ուժերի ձայների վերաբաշխման դեպքում իրենք կարողանային 50+1% ձայն ստանալ, բայց անգամ այդ հաշվարկները չիրականացվեց եւ նրանք մեկ մանդատ պակաս ունեն ընդդիմադիր երեք ուժերից»,- ասաց Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը վստահ է՝ ինչ գնով էլ լինի՝ իշխող ուժն ամեն ինչ անելու է, որ ստանա այդ մեկ մանդատը, որպեսզի տիրանա քաղաքային իշխանությանը:

«Եթե ՔՊ-ն չստանա այդ մեկ մանդատը եւ իշխանությունը Երեւանում անցնի ընդդիմադիրներին, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի անպարտելիության ֆենոմենը կջարդվի եւ մյուս ընտրություններին կամ էլ քաղաքական ու դատական գործընթացների ժամանակ, մարդիկ հասկանալու են, որ ՔՊ-ն պարտվող ուժ է:

ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանն այլեւս չեն կարող ասել, որ Արցախի վերաբերյալ իրենց քաղաքականությունը պաշտպանվում է երեւանցիների կողմից, փաստորեն, ընդդիմությունը սա կօգտագործի եւ կասի, որ մանդատ չունես Արցախի հարցում շարունակելու քո քաղաքականությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող խորհրդարանական ընտրությունների գնալ, որովհետեւ հավանական է, որ նույն պատկերը կրկնվի: Բայց ինքը չի էլ կարող Արցախի հարցում իր քաղաքականությունը չիրականացնել, որովհետե արտաքին պատվիրատուները դա են պահանջում»,- հավելեց Արմեն Բադալյանը:

Հավելենք՝ Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ ուժ չի ստացել ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանություն կձեւավորվի միայն կոալիցիայով: Բայց, նույնիսկ կոալիցիայիով, իշխող ուժին չի հաջողվում իշխանություն վերցնել, քանի որ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը՝ միասին, ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր երեք ուժերը՝ 33: Ընդդիմադիր երեք ուժերն են՝ «Ազգային առաջընթաց»-ը (Հայկ Մարության), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թեւանյան), «Հանրային ձայն»-ը (Արտակ Գալստյան):

«Հանրային ձայն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի հետ: Նրանք կողմ են, որ Անդրանիկ Թեւանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանն առայժմ չի արձագանքել: Նրա աջակիցները ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են, որ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ: Իսկ «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ կոալիցիոն քննարկումներ չեն ընթանում: Նա նշել է, որ իր գլխավորած դաշինքը կարող է օգնել Հայկ Մարությանին հավաքել համապատասխան թվով ձայներ, եթե նա կիսի ամբողջական իշխանափոխության իրենց օրակարգը։

Իշխող ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցություններն առայժմ հայտարարություններ չեն արել: