Արցախը չի ընդունելու Փաշինյանի ստորագրվելիք փաստաթուղթը և առաջ է տանելու իր օրակարգը. Մետաքսե Հակոբյան
15 Մայիսի 2023, 16:18
Արցախը ՀՀ իշխանությունների կեղծ օրակարգով չի գնալու, չի ընդունելու ստորագրվելիք բոլոր փաստաթղթերը, դրանք համարելու է առոչինչ և առաջ է տանելու իր օրակարգը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը:
«ՀՀ իշխանությունները հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրին, և այսքան ժամանակ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, մոլորեցնում է մեր հանրությանը, ասելով, որ դեռ վաղուց նախկինները ճանաչել էին Արցախն Ադրբեջանի կազմում:
Դա այդ հռչակագրի սխալ մեկնաբանությունն է, որովհետև այդ հռչակագրով, ճանաչելով և հարգելով տարածքային ամբողջականությունները, ի սկզբանե խոսք չի եղել Արցախի մասին, այսինքն՝ երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդհանրապես Արցախ հասկացություն կամ Արցախի դիտարկումը այդ ճանաչման մեջ չի եղել:
Այն, ինչը հիմա արեցին, և երկար ժամանակ անում է և Փաշինյանը, պատահական չէր, նա պատրաստվում էր մայիսի 14-ին, անընդհատ խոսելով Հայաստանի Հանրապետության 29.800 կմ2-ի մասին, ինչու, որպեսզի նա ի վերջո հասներ նրան, որ Ադրբեջանը հնչեցներ 86.600 կմ քառակուսին. այդ քառակուսու մեջ ներառվում է, ըստ էության, Արցախի Հանրապետությունը:
Կեղծ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին՝ այո, Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մասին, իհարկե դեռևս ոչ ստորագրված փաստաթղթով»,- նշել է Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռևս 2018-ից պնդում էին, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են բանավոր պայմանավորվածություններով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում.
«Դա երեկ կատարվեց: Այս քայլով վերջ դրվեց 1988 թվականի շարժման գաղափարախոսությունը, նաև այդ 30 տարվա ունեցած մեր հանունի՝ զոհվածների հիշատակը մոռացության տալով»:
Հարցին՝ եթե Հայաստանն արդեն փաստաթղթով ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ է լինելու արցախցիների ճակատագիրը, Հակոբյանն ասել է.
«Եթե մենք այս ընթացքում կամ ունենայինք Արցախում այնպիսի իշխանություններ, որոնք հանուն Արցախի, հայ ժողովրդի կղեկավարեն կամ կղեկավարեին, բնականաբար մենք չէինք կարող ունենալ այս ելքը, սա ամենավատը կլինի մեր համար:
Քանի դեռ ունենք Արցախում նման իշխանություններ, որոնք իրականում ստորակետի ճշտությամբ համաձայն են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, և նրանք կամք չունեն հակառակվելու ՀՀ իշխանություններին, իհարկե պատկերը հստակ է:
Սակայն եթե Արցախում լինի իշխանություն, որը չի ընդուում Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա դա ևս Փաշինյանի ուզածն է, նա ասելու է՝ եկեք, վարեք ինքներդ:
Արցախում պիտի լինեն իշխանություններ, որոնք ամեն կերպ կհասնեն նրան, որ Հայաստանում կլինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ու կխոսեն հանուն հայկական երկու պետությունների և հայ ժողովրդի:
Հակառակ դեպքում ստացվում է, որ ստորագրելով փաստաթուղթ, մենք հստակեցնում ենք, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը որևէ կապ չունի Արցախի Հանրապետության հետ, և Արցախը մնում է ամբողջովին մենակ՝ իր բոլոր խնդիրների հետ»:
Մետաքսե Հակոբյանը նշել է, որ Արցախի հանրության սթափ մասը չի ընդունում այդ օրակարգը և չեն ընդունելու որևէ ստորագրված փաստաթուղթ, որը հակասելու է Գերագույն խորհրդի որոշմանը: