Հայաստանում ամերիկացիների ռազմական ուժերը խնդիր են. Դմիտրի Ժուրավլյով

19 Սեպտեմբերի 2023, 20:55

Կարծիք | Քաղաքականություն

Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախ հնարավոր ներխուժման դեպքում Ռուսաստանի հնարավոր գործողությունները, ինչպես նաև հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանում:

«Մեր երկրների հարաբերությունները սկսել են վատանալ։ Պարոն Փաշինյանի ինչ-որ հայտարարություններ եղել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ, բայց ինձ թվում է՝ ռուս խաղաղապահներն իրենց պարտքը կկատարեն։ Եթե լայնամասշտաբ ներխուժում է տեղի ունենում, ապա ռուսական իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ կռվում է, թե՞ չի կռվում։ Իսկ եթե ընթանում են փոքրածավալ իրադարձություններ, ապա խաղաղապահները պետք է թույլ չտան, որ ներխուժումը կայանա։

Քանի որ, եթե լիակատար ներխուժում լինի, ապա խաղաղապահների ուժերը , ակնհայտորեն, այստեղ չեն բավականացնի»,- ասել է Ժուրավլյովը։

Մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության գործողությունները՝ փորձագետը նշել է. «Միանգամայն հնարավոր է, որ ձեր առաջնորդի` ոչ այնքան մտածված խոսքերի պայմաններում Ադրբեջանը պարզապես որոշել է մեծացնել պառակտումը մեր երկրների միջեւ:

Եթե լինի ներխուժում Հայաստան, ապա Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից պահանջի համարժեք գործողություններ։ Քանի որ ՀԱՊԿ-ը ռազմական առումով փաստացի Ռուսաստանն է, ապա ռուսական զորքերը պետք է դադարեցնեն ներխուժումը»,-Ժուրավլյովը։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող հայ-ամերիկյան զորավարժություններին՝ Alpha News-ի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ դրանց նկատմամբ Ռուսաստանի սևեռուն հայացքը միանգամայն հիմնավորված է:

«Սա, իմ կարծիքով, շատ ակտիվ սադրանք է հայկական կողմից։ Ամերիկյան ռազմական ուժերը մեզնից ոչ հեռու են, դա խնդիր է, մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք Ամերիկայի հետ։ Այո, հարց չէ, որ «վատ» Հայաստանը բարեկամություն է անում Ամերիկայի հետ։ Իրավունք ունի ընկերություն անել ում հետ ճիշտ է համարում։ Բայց ռազմականի պարագայում, թեկուզ զորավարժությունների, այլ ոչ թե գործողությունների առկայության դեպքում, մենք չենք կարող չարձագանքել։

Մենք ուզում ենք հասկանալ, թե Հայաստանն ինչ է ակնկալում այդ զորավարժություններից։ Սա ուղղակի ցուցադրություն է Թուրքիայի՞ համար, թե՞ դա արդեն ցուցադրություն է մեզ համար։ Ցանկացած վարժանք միշտ էլ խորհրդանշական է, միշտ ուղերձ է»,- եզրափակել է Դմիտրի Ժուրավլյովը։

Հիմա եթերում