Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ ԵԽ գլխավոր քարտուղար
19 Սեպտեմբերի 2023, 21:55
Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:
«Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը: Դրա հետ չի կարելի համակերպվել: Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եկել է զենքը թողնելու, դեէսկալացիայի և երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է նա:
ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ միայն բոլոր կողմերի բովանդակալից երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն խաղաղության:
Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով: