Փաշինյանը, եռակողմ պայմանավորվածությունը կատարելու փոխարեն, տրվեց Արևմուտքի հորդորներին. ՌԴ ԱԳՆ

25 Սեպտեմբերի 2023, 17:35

Քաղաքականություն

Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային ու կրթական հարաբերությունների ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեին արած հայտարարություններին։

«Տարածաշրջանային հարցերում Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված ջենթլմենական համաձայնությունը պահպանելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշել է գործել 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Փաշինյանը չստորագրեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանին սահմանակից շրջաններ։

Իրավիճակը թեժացավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտումը պաշտոնական Երեւանի կողմից, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ, բացահայտեց ամբողջական պատկերը և ստեղծեց նախադրյալներ կայուն դեէսկալացիայի։

Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց վազել դեպի Արևմուտք, արգելակեց 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացումը ։

Կորսվեց թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոբն։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում, Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից որևէ մեծ շահագրգռվածություն չենք տեսնում ԼՂ-ում հրատապ խնդիրների լուծմանն օգնելու հարցում։ Մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։