Համերգը միավորելու է բոլոր մարդկանց, որոնք մտածում են Հայաստանի ու Արցախի մասին. Մոսկվայում Խաչատրյան է հնչել

27 Սեպտեմբերի 2023, 00:30

Մշակույթ

Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների գալա համերգը:

Կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակի առիթով համերգը նախաձեռնել են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը» և «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը:

Այս երեկո հայ ջութակահար Հայկ Կազազյանը ներկայացրել է «Նոկտյուրն»-ը: Գալա-համերգին հնչել են Խաչատրյանի լավագույն ստեղծագործությունները Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ ռուս դիրիժոր Սերգեյ Թաթարինի ղեկավարությամբ:

«Ես, անշուշտ, հասկանում եմ, որ այն իրադարձությունները, որոնք նախորդեցին այս համերգին, մի փոքր փոխեցին մեր հոգևոր բաղադրիչը, մենք ինչ-որ ցավով եկանք այս համերգին, բայց միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այս համերգը միավորելու է բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են Հայաստանի, Արցախի մասին», — համերգից հետո Alpha News-ին ասել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովը: