Չպե՛տք է կրկնենք Հայոց ցեղասպանության սխալը. Սուրեն Մանուկյան
26 Սեպտեմբերի 2023, 21:36
Արցախում տեղի ունեցող գործողությունները շատ նման են ցեղասպանության: Alpha News-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
«Այս բնորոշումը մենք չէ, որ տալիս ենք: Շատ հայտնի ցեղասպանագետներ սրա մասին խոսում էին՝ որպես պրոֆեսիոնալներ, որոնք կողքից հետեւում էին իրադարձություններին:
2023թ. փետրվարի 1-ին, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը զեկույց հրապարակեց՝ ասելով, որ Լաչինի միջանցքի փակումը եւ սովահարությունը կարող են ցեղասպանության պատճառ դառնալ: Նրանք ընդգծում էին ցեղասպանության մտադրության մասին:
Ցեղասպանության կոնվենցիայում նշվում է, որ եթե նույնիսկ պետական իշխանությունը մտադրություն ունի ոչնչացնել ինչ-որ խմբի ու, նույնիսկ, եթե այն չի հաջողվում, ապա դա եւս կարող է համարվել ցեղասպանություն:
Երեք օր առաջ էլ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը հարցազրույց էր տվել գերմանական պարբերականներից մեկին ու շեշտել, որ սա դասական ցեղասպանություն է»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանությունը մարդկանց խմբի ոչնչացմանն ուղղված քայլերն են, մինչդեռ սխալ կարծիք կա, թե ցեղասպանությունը ֆիզիկական սպանությունն ու ոչնչացումն է:
«Պարտադիր չէ, որ բոլորը սպանվեն մեկ օրում, մեկ գործողության հետեւանքով, որպեսզի այն համարվի ցեղասպանություն: Ցեղասպանությունը մտադրված գործողություն է, որը կարող է բերել խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացման: Ինչո՞ւ մասնակի, որովհետեւ արցախահայությունը հայ ժողովրդի մի մասն է՝ իր սովորույթներով, իր մշակույթով, նույնիսկ իր բարբառով, որը կանգնած է ոչնչացման առաջ»,- նշեց Սուրեն Մանուկյանը:
Արցախը վերջնականապես չկորցնելու եւ այնտեղ ինչ-որ մի օր վերադառնալու համար՝ Սուրեն Մանուկյանը անհրաժեշտ է համարում փաստագրել բռնությունների մասին հրապարակումներն ու այն ամենը, ինչն այնտեղ է մնում: Դրանք պետք է ներկայացնել միջազգային դատական ատյաններ:
«Պետք է Ադրբեջանին օր ու արեւ չտանք, միջազգային կազմակերպություններից պահանջենք, որ հանցագործները դատվեն:
Մենք չպետք է կրկնենք Հայոց ցեղասպանության սխալը, մենք 50 տարի լռեցինք, իսկ երբ սկսեցինք խոսել դրա մասին, այն մարդիկ, որոնք իրականացրել էին ցեղասպանություն, մահացել էին, իսկ հիմա ոճրագործները կան: Մենք պետք է նրանց քարշ տանք միջազգային դատարաններ»,- շեշտեց ցեղասպանագետը: