Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է

27 Սեպտեմբերի 2023, 17:54

Քաղաքականություն

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը: 

«Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը գիտակցության մեջ են: Բուժառուներից մեկը կին է, մնացածը՝ տղամարդ»,- նշել է նա:

Կենտրոնի տնօրենն ընդգծել է՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այրվածքաբանության թիմը փորձառու է: Ունեն Իսպանիայից՝ 4, Մեծ Բրիտանիայից 1 բժիշկ, որոնց թվում են վերակենդանացման մասնագետը, պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժները:

«Ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ հարազատների հետ տարվող աշխատանքը սահմանափակվում է, թեպետ, դա ևս շատ կարևոր է: Հիմա բժշկական անձնակազմին պետք է մաքսիմալ ազատ թողնել, որպեսզի կարողանան կատարել իրենց առաջ դրված պարտավորվածությունը»,- ասել է նա:

Կենտրոնը հոգում է բուժառուների սննդի, հագուստի հարցը: Այդ համատեքստում հատուկ պարագաներ են հատկացվում բուժման պրոցեսը պատշաճ ու դյուրին կազմակերպելու համար։ 

«Այս պահին բժշկական տեսանկյունից ամեն ինչ արվում է. թե՛ նախարարությունը, թե՛ տարբեր կազմակերպություններ մեզ աջակցում են, ինչ անհրաժեշտ է՝ մենք ունենք»,- ընդգծել է նա:

Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այս պահին բուժհաստատությունը սահմանափակել է հիվանդների հոսքը, բայց առկա են թեթև վիճակում գտնվող բուժառուներ, որոնց այլ բաժանմունք տեղափոխելու պարագայում հնարավոր կլինի հավելյալ ժամանակ հատկացնել առավել ծանր հիվանդներին։ 

«Այրվածքաբաններին որոշակի ծանրաբեռնվածությունից ազատելով՝ կկարողանանք հաջորդ ընդունելությունն իրականացնել»,- շեշտել է նա:

Հովհաննիսյանը նշել է՝ բուժառուների մի մասի մոտ այրվածքի մակերեսն է մեծ՝ դեմքի, վերջույթների հատվածում, մյուս մասի մոտ մակերեսը փոքր է, սակայն այրվածքը խորն է, ինչը վիրաբուժական աշխատանք է պահանջում: 

Կենտրոնից տեղեկացրել են՝ այս պահին բոլորը վիրակապման փուլում են: Օրվա ավարտին ծանրության վիճակի հստակ գնահատական կունենան: