Կամուրջ ` բարերարի ու ընտանիքի միջև. «Արցախը իմ տունն է»

29 Սեպտեմբերի 2023, 01:00

Քաղաքականություն

Այս օրերին արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով տարբեր նախաձեռնություններ են ստեղծվում։

Ամերիկահայերի «Արցախը իմ տունն է» նախաձեռնությունը դրանցից մեկն է, որը յուրօրինակ կամուրջ է շահառու ընտանիքի և հովանավորի միջև։ Alpha News-ի ուղիղ եթերում «Արցախը իմ տունն է» նախաձեռնության հեղինակ Մայա Թոխատյանը ներկայացրել է գաղափարի նպատակներն ու խնդիրները։

««Արցախը իմ տունն է»-ն հասարակական շարժում է։ Այն ֆեյսբուքյան խումբ է, որը մեկնարկվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Մեր նախաձեռնությունը հանդիսանում է կամուրջ, կամուրջ ընտանիքի և հովանավորի միջև։ Մենք դրամահավաք չենք կատարում։ Մեզ հետ աշխատում են տասնյակ կամավորներ, ովքեր օգնում են ընտանիքը կապել բարերարի հետ։ Կապելուց հետո մեր գործառույթն ավարտվում է, և հովանավորն ինքն է կապ հաստատում ընտանիքի հետ»,- ասաց Թոխատյանը։

Նրա փոխանցմամբ՝ խումբը փակ խումբ է, ինչն օգնում է, որ անձնական տվյալների արտահոսք լինելու հավանականությունը ավելի քչանա։

«Այս պահին ամենախոցելի մասը բռնի տեղահանվածներն են, և փորձում ենք օգնել հենց իրենց։ Նրանք հիմա մեր օգնության կարիքն ավելի շատ ունեն, և կանենք ամեն ինչ, մեր հայրենակիցներին աջակցելու համար»,- նշեց Թոխատյանը։