Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Կաթողիկոս

01 Հոկտեմբերի 2023, 17:24

Քաղաքականություն

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի խոսքը՝ Արցախի համար համազգային աղոթքին․

«Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները, ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց, այսօր համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և բոլոր եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի՝ աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։

Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց, ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել, ինչը ստեղված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։