Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

03 Հոկտեմբերի 2023, 16:15

Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։

«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: «Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ չէ, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,-ասել է նա:

Պեսկովը նշել է նաև, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրենց գործունեությունը:

«Ռուսաստանը սրտացավ է Ղարաբաղի հայերի համար, մարդասիրական օգնություն է ցուցաբերում նրանց, խաղաղապահները նույնպես շարունակում են իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ այլ դատողություններին, ապա այստեղ միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշման մասին, որը նա ընդունել է Պրահայում և ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ, ճանաչել Ղարաբաղի տարածքը` որպես Ադրբեջանի տարածք»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր լսում է ադրբեջանական կողմի հայտարարությունները «այն հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու իրենց մտադրության մասին, որոնք կցանկանան մնալ Ղարաբաղում»:

«Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը մարդասիրական օգնության հոսքերի ապահովման ուղղությամբ՝ լուծելու այն հայերի կենսական խնդիրները, որոնք հեռանում են, եւ որոնք մնում են այնտեղ, եւ դա կանենք հետագայում», — ընդգծել Է Պեսկովը:

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը՝  Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մեղադրելով ռազմական հանցագործության համար:

Հիմա եթերում