Խուճապ արժույթի շուկայում. ի՞նչ անել

03 Հոկտեմբերի 2023, 17:24

Տնտեսություն և Բիզնես

Դրամը շարունակում է անկում ապրել: Վերջին օրերին տարադրամի՝ նկատելի տատանումները շարունակվում են: Դոլար-դրամ օրվա փոխարժեքը միջինը կազմում է  առքը՝ 419 դրամ  մեկ դոլարի համար եւ վաճառքը՝ 440 դրամ:

Դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է Արցախում տեղի ունեցած իրադարձություններով: Alpha News-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում արժութային շուկայում դոլարի կուրսի կտրուկ բարձրացումը «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Մարդիկ իրենց խնայողությունները՝ լինի մեծ, թե փոքր կապիտալ, փորձում են ավելի ապահով միջոցի վերածել և հնարավորության դեպքում, ավելի ապահով դուրս բերել»,- ասում է Լիլիա Ամիրխանյանը:

Նա հիշեցնում է, որ արժույթի շուկայում նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, և դրան հաջորդած էսկալացիաների ժամանակ:

Ըստ Ամիրխանյանի, դոլարի գնի տատանումը դրամի նկատմամբ պայմանավորված է նաև Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությամբ,  մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը:

Լիլիա Ամիրխանյանը ամփոփում է. «Դոլարի կուրսի ավելացումը դրամի նկատմամբ, երկրում ստեղծված անկայունության արտացոլումն է»:

Նա ընդգծում է, որ ցանկացած ցնցման ժամանակ, նախևառաջ, տուժում է ազգային արժույթը: Իսկ առաջին հետեւանքը, ինչին կարելի է սպասել, ներկրվող ապրանքների թանկացումն է լինելու: 

Ըստ մասնագետի, հատկապես այս փուլում, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը լրջագույն սպառնալի է պարունակում նաև բիզնեսի համար:  Խուճապային տրամադրությունները ևս նպատում են դոլարի նկատմամբ դրամի անկմանը: