Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, Արցախը հայաթափվեց. Բայրամյան
04 Հոկտեմբերի 2023, 00:00
Այսօր Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, քանի որ Արցախն արդեն հայաթափվել է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Վիլիամ Բայրամյանը՝ նշելով, որ այլևս ԱՄՆ կոնգրեսից ակնկալիքներ չունի։
«Այսօր Բայդենին ուղղված յուրաքանչյուր կոչ ուշացած է, քանի որ որևէ արձագանք չեղավ և Արցախը հայաթափվեց։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և եվրամիության անդամների կողմից ինչ արձագանքներ են հնչում։ Նրանց կողմից որևէ խիստ գնահատական չկա Ադրբեջանի կառավարության վարած քաղաքականությանը»,- ասաց Բայրամյանը։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ Եվրոպայի համար այս ամենի միակ մեղավորը Ռուսաստանն է։
«Նրանք մեղադրում են Ռուսաստանին և շեշտում, որ հենց ռուսների մեղքով են հայերը Արցախից դուրս եկել։ Մի կողմից եվրամիությունը սատարում է Ադրբեջանին և թույլ տալիս, որ շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը, մյուս կողմից շրջվում և ռուսներին է մեղադրում՝ պնդելով, թե խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացրել»,- նշեց Բայրամյանը։