ԱՄՆ պետդեպը հաստատել է Արցախի վրա Ադրբեջանի հարձակման նախօրեին Ստամբուլում կայացած հանդիպման մասին լուրերը

05 Հոկտեմբերի 2023, 10:15

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:

Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.

«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:

Հիշեցնենք, որ «Politico» թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին ու պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր սրացումից երկու օր առաջ։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ԵՄ-ը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

Հիմա եթերում