Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

10 Հոկտեմբերի 2023, 14:15

Հայեր

Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին՝ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին, Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանին, Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին, Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոսը Բաղդասարյանին և Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորել է վերջիններիս եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել իրենց ծառայության վայրերում ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, հավատ և հույս ներշնչելու հայորդիներին առկա դժվարին փորձությունները հաղթահարելու ճանապարհին։

Վերջում Հայոց Հայրապետը նորաօծ եպիսկոպոսների հետ միասին աղոթք է բարձրացրել առ Աստված Հայրենիքի խաղաղության և անվտանգության, արցախահայության ու աշխարհասփյուռ հայորդիների բարօր կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։