Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ես մեծ հաճույքով կվերադառնամ Արցախ, եթե Արցախը հայկական լինի. Արցախյան բռնագաղթ. վկայություններ #1

09 Հոկտեմբերի 2023, 22:00

«Ես մեծ հաճույքով կվերադառնամ Արցախ, եթե Արցախը հայկական լինի, համոզված եմ, որ մեծամասնությունն ինձ նման կվարվի»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված, Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանը:

71-ամյա Սլավա Ապրեսյանն իր երկու դուստրերի ընտանիքների հետ սեպտեմբերի 29-ին է Արցախից դուրս եկել ու 28 ժամ անց հասել Գորիս: Սլավա Ապրեսյանը նախընտրում է բռնագաղթի ճանապարհի մասին երկար չխոսել:

«Դաժան ու դժվար ճանապարհ էր, բայց ստիպված հաղթահարեցինք»,- կարճ նկարագրում է աչքի տեսածը:

Սլավա Ապրեսյանը սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: Շատ լավ է ճանաչում ադրբեջանցիներին, համոզված է՝ նրանց հետ համատեղ ապրել չի ստացվի:

«Ես 5 տարի Բաքվում եմ սովորել, շատ լավ գիտեմ նրանց: Խորհրդային Միության ժամանակ ադրբեջանցիները թեպետ ցույց չէին տալիս իրենց ատելությունը հայ ազգի նկատմամբ, այնուամենայնիվ, այն նկատելի էր: Ես հնարավորություն ունեի մնալ Բաքվում, բայց չուզեցի, վերադարձա Ստեփանակերտ, շատ բաներ էի տեսել, նրանց հետ ապրելն անհամատեղելի էր, հնարավոր չէր: Ես շրջափակման ժամանակ ասում էի, եթե հանկարծ Արցախից դուրս գալու հոսք սկսվի, մենք պարտադիր պետք է դուրս գանք, հնարավոր չէր աղջիկ երեխաների հետ ապրել էդ վայրագների հետ»,- ասում է Սլավա Ապրեսյանը:

Գորիս հասնելուն պես Սլավա Ապրեսյանի ընտանիքը հասցրել է միայն հաշվառվել եւ ճանապարհը շարունակել Երեւան, որտեղ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Մելիքյանը նրանց համար բնակարան է վարձել:

«Ես պետությունից ակնկալիք չունեմ, եթե իշխանություն լիներ, մենք հիմա մեր տներում կլինեինք»,- ասում է նա:

Սլավա Ապրեսյանը 20 տարի շարունակ ղեկավարել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը, բազմաթիվ համերգներ ունեցել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում, իսկ վերջին տարիներին նա զբաղեցրել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

44-օրյա պատերազմից հետո Սլավա Ապրեսյանն արցախցի երեխաների հետ համերգ է ունեցել Սոչիում, դա նրանց վերջին ելույթն էր Արցախի սահմաններից դուրս:

«Բլոկադայից հետո էն ջանքն ու եռանդը չկար, ինչ նախկինում էր, բայց աշխատում էինք, չէինք ուզում թողնել մեր հայրենիքը, ցավոք, չստացվեց»,- ասում է Սլավա Ապրեսյանն ու հիշում Արցախում անցկացրած վերջին օրերը:

«Դե մինչեւ սեպտեմբերի 19-ը՝ գազ ու լույս չունեիք, պատերազմից հետո նաեւ ջուր չունեցանք: Լսել էինք, որ ադրբեջանցիները սոլյարկա են լցրել ջրի մեջ, վերջին օրերին ջրից սոլյարկի հոտ էր գալիս: Հացի պակասություն կար, ով ալյուր ուներ, բաժանում էր մյուսներին, որ փայտի վառարանի վրա հաց թխեին»,- հիշում է Սլավա Ապրեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: