ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ԼՂ-ից տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների մասին

10 Հոկտեմբերի 2023, 12:15

Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը։

Զեկույցն, ի թիվս այլնի, ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ամփոփում է, որ հաստատում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը, որը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում Պաշտպանը ներկայացրել է առաջարկություններ պետական մարմիններին հիշյալ խումբ անձանց իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման և առանձնահատուկ կառուցակարգերի ներմուծման առնչությամբ։

Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:

Հիմա եթերում