Մեծ է հավանականությունը, որ Անդրկովկասը մանրադրամ կդառնա. քաղաքագետը՝ տարածաշրջանի վրա Մերձավոր Արևելքի պատերազմի ազդեցության մասին
12 Հոկտեմբերի 2023, 11:06
Ռուս քաղաքագետ Անդրեյ Շկոլնիկովը Alpha News-ի հետ զրույցում վերլուծել է, թե ինչպես Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է փոխել ամբողջ համաշխարհային դասավորությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ արաբա-իսրայելական ռազմական գործողությունները կազդեն ողջ Արևելքի վրա, եթե Մերձավոր Արևելքի վերաբաշխում սկսվի:
«Պետք է նայել, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։ Դասավորությունը շատ լուրջ է փոխվում, քանի որ արաբա-իսրայելական ռազմական գործողությունները կազդեն ողջ Արևելքի վրա։ Ոչ այն իմաստով, որ բոլորը կաջակցեն Իսրայելին կամ արաբներին, ո՛չ, հիմա այլ հակամարտությունների մի փունջ է գալիս: Խնդիրն այն է, որ հավասարակշռությունը շատ լուրջ խախտված է։
Այժմ մեծ հավանականություն կա, որ Անդրկովկասը կդառնա մանրադրամ, որի շահերը, ինչ-որ տեղ, կփոխվեն։ Կարող է այնպես ստացվել, որ հիմա, օրինակ, խնդիրներ սկսվեն Թուրքիայի մոտ, Իրանը ինչ-որ բան կանի կամ հակառակը։ Եթե սկսվի Մերձավոր Արևելքի վերաբաշխումը, ապա ոչ մեկին քիչ չի թվա։ Շատ պետություններ, պարզապես, կվերանան: Առայժմ ամեն ինչ դրան է գնում։
Եթե մենք նախկինում ասում էինք, որ Թուրքիան պետք է դիմանա մինչև 2027 թվականը, այսինքն՝ մինչև Եվրոպայի անկումը, որ Թուրքիան պետք է ապրի, հակառակ դեպքում, հիմա փլուզման մեծ շանսեր ունի, այժմ չգիտենք։ Մենք հստակ տեսնում ենք, որ Իսրայելը նպատակ ունի ամբողջությամբ մաքրել իր տարածքը պաղեստինցիներից։ Ո՞ւր են գնալու: Ահա, հոսքերից մեկը, օրինակ, դեպի Թուրքիա։ Թուրքիան, Հորդանանը, Եգիպտոսը ի՞նչ անեն այս ամենի հետ: Իսկ եթե հակամարտությունն ավելի մեծանա՞։ Իսկ եթե վերածվի քրդական ապստամբության կամ նման այլ բանի՞։ Բացի այդ, Իրանը Իսրայելին ոչնչացնելու կարիք չունի, նա, սկզբունքորեն, ոչնչով չի խանգարում։ Եթե մենք հեռացնենք հույզերն ու տեղեկատվական քարոզչությունը, մենք կարող ենք հստակ հասկանալ, որ Իսրայելը պետք է Իրանին, քանի որ Իսրայելը ընդհանուր թշնամի է ամբողջ իսլամական աշխարհի համար: Եվ, եթե Իսրայելը չլինի, ապա սուննիները, արաբները, թուրքերը և հետագայում, ըստ ցուցակի, կսկսեն իրենց թշնամի ընկալել հենց Իրանին։ Եվ շատ նման նուրբ պահեր:
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք կհասկանանք հիմնական ուղղությունները, մենք կհասկանանք, թե դեպի ուր է այս ամենը թեքվում: Առայժմ իրավիճակն այնպիսին է, որ դրա վրա կարելի է խաղալ, որ ուժեղ առաջնորդները կկարողանային ձգել իրավիճակը, բայց նմանները գրեթե չկան»,- ասել է քաղաքագետը։
Խոսելով Ղարաբաղի ճակատագրի մասին՝ փորձագետը կարծում է, որ առաջիկա մի քանի տարիներին Ղարաբաղի մասին կարելի է մոռանալ, իսկ հետո կլինի վերաձևավորում Կովկասում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը հաշվի կառնվեն վերջին հերթին։
«Ղարաբաղի մասին կարելի է մոռանալ առաջիկա մի քանի տարիներին, քանի դեռ Կովկասում տեղի չի ունեցել վերաձևավորումը, իսկ ամեն ինչ դրան էձգտում։ Բայց այդ պատմությունն այնուամենայնիվ, կլինի ավելի ուշ և դրանում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի շահերը հաշվի կառնվեն վերջին հերթին։
Դրանք Ռուսաստանի և Իրանի միջև դասավորություններ կլինեն, ամենայն հավանականությամբ, առանց Թուրքիայի, քանի որ մեծ է հավանականությունը, որ այն այդ ժամանակ չի լինի։ Թե ինչպես դա տեղի կունենա, շատ հետաքրքիր եւ բարդ հարց կլինի», — եզրափակել է փորձագետը։