Երևանում մարմնամարզության միջազգային մրցաշար է անցկացրել
19 Մայիսի 2023, 23:59
Չորս երկրների ՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի և Հայաստանի պատվիրակներ մասնակցել են սպորտային մարմնամարզության Yerevan Open միջազգային մրցաշարին, գրում է ArmSport.am-ը:
Մրցումներն անցկացվել են Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Հայաստանի հինգ ներկայացուցիչներ դարձել են մրցաշարի հաղթողներ:
Ուշագրավ է, որ բազմամարտի ծրագրով 78, 932 միավոր է վաստակել և հաղթել երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։
Առանձին գործիքների եզրափակիչներում, ազատ վարժությունում 13,033 միավորով առաջինը ճանաչվել է Մամիկոն Խաչատրյանը, որը հավասարը չի ունեցել նաև նժույգ թափերում (14,066):
Օղակների վարժությունում անգերազանցելի էր Համլետ Մանուկյանը (13, 433), իսկ զուգափայտերում՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։
Հենացատկում առաջին մրցանակակիր է դարձել Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարվալ Աբուրֆայզովը (13, 177), իսկ պտտաձողում՝ բելառուս Բոգդդան Իլիենկոն (12, 233)։
Թիմային պայքարում լավագույն եռյակը կազմել են հաջորդաբար Հայաստանի, Ուզբեկստանի և Լեհաստանի մարմնամարզիկները:
Նշենք նաև, որ մրցաշարի արդյունքներով ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել
երիտասարդների ԱԱ-ի կրկնակի չեմպիոն, երիտասարդների ԵԱ կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանին, երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանին և երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանին: