The Guardian-ը Շերի հետ հարցազրույցում անդրադարձել է նրա հայկական արմատներին ու Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքի մասին նրա գրառմանը

21 Հոկտեմբերի 2023, 00:05

Կարծիք

Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) The Guardian-ի հետ զրուցել է իր առաջիկա՝ Christmas նոր ալբոմի, քաղաքականության ու իր հայկական արմատների մասին։ 77-ամյա երգչուհու նոր ձայնասկավառակը թողարկվելու է հոկտեմբերի 20-ին։

Շերն X-ի իր էջում կիսվել էր պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին գրառմամբ։ Պարբերականը գրում է՝ «Նա հերթական փոթորիկն է բարձրացրել այն ​​խնդիրների մասին, որոնց բախվում են հայերը՝ հարեւան Ադրբեջանի կողմից սպառնալիքների ալիքների պատճառով»: 

The Guardian-ը գրում է, որ Շերի հայրը հայ էր, եւ թեեւ նրանք այնքան էլ մտերիմ հարաբերություններ չունին, Երեւան կատարած իր այցից հետո երգչուհին այդ երկրի հետ իր սերտ կապը հաստատեց։

«Երբ հասա այնտեղ, մտածեցի՝ վա՜յ, բոլորն ինձ նման են: Ինչպե՞ս կարող էի ես ուժեղ զգացումներ չունենալ դրանից հետո»,- անդրադառնալով Հայաստան կատարած իր այցին՝ նշել է երգչուհին: