Տարհանվել են Արցախի պատմաերկրագիտական թանգարանի, Ստեփանակերտի պատկերասրահի հավաքածուները. Շահվերդյան

20 Հոկտեմբերի 2023, 23:15

Մշակույթ

Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ պետությունը ոչ մի միջոց չձեռնարկեց փրկելու իր մշակութային ժառանգությունը, այս անգամ պատկան մարմինները բավականին ակտիվ աշխատեցին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

«Տարհանվել են Արցախի պատմաերկրագիտական թանգարանի հավաքածուները, Ստեփանակերտի պատկերասրահի հավաքածուները։ Հակարիի կամրջում այդ մեքենաները ևս թալանվել են Ադրբեջանի սահմանապահների կողմից»,- ցավով է նկատել Շահվերդյանը ու նշել, որ այդ ամբողջ հավաքածուները հիմնականում կարողացել են տեղափոխել Հայաստան։

Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս, որ մեր խնդիրները ինքներս փորձենք լուծել, որովհետև դա մեր պատմությունն ու ցավն է․

«Մեծ խնդիր է դարձել մշակութային ժառանգության պահպանության հարցը, որ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ մեկօրյա պատերազմի արդյունքում։ Մենք չենք խոսում միայն պատմամշակութային կառույցների մասին։ Այս խնդիրը երկու մասից է բաղկացած՝ մեկը անշարժ մշակութային ժառանգությունն է, երկրորդը՝ դա շարժական մշակութային ժառանգությունն է՝ օրինակ, թանգարանային հավաքածուները, արվեստի գործերը։ Այս ուղղությամբ դեռ 2020 թ․ պատերազմից հետո մի քանի հանրային գործիչներ ստեղծել են Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ ՀԿ»,- նշել է Շահվերդյանը։

Նախկին նախարարը փոխանցել է, որ 1050-ից ավելի արվեստի գործեր են մնացել Շուշիում, պետական և մասնավոր թանգարաններում, մենք ունեցել ենք 17 թանգարանային հավաքածուներ, որոնց մեջ ներառվում են նաև պատկերասրահներում պահվող արվեստի գործերը։