Ռուսաստանը չպետք է թույլ տար, որ Հայաստանը պարտություն կրեր. Կալաչով
24 Հոկտեմբերի 2023, 00:06
Ռուսաստանը չպետք է թույլ տար Հայաստանի՝ իր հիմնական դաշնակցի, Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի պարտությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ռուս քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչովը՝ խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա շատ ուշ է խմել «Բորժոմի», եթե ձեր լյարդը վնասվել է։ Հիմա, եթե լիներ քաղաքական կամք, մենք կարող էինք փորձել օգնել Հայաստանին և հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանը՝ իր ներկայիս սահմաններում։ Ռուսաստանը կարող էր ավելի ակտիվ դեր խաղալ, բայց լավ է, որ նրան հրավիրեցին «3+3» բանակցությունների այս ձևաչափին։ Եվ լավ է, որ այս ձևաչափում կա երկու բևեռ՝ Անկարան և Թեհրանը։
Այս ձևաչափի բոլոր մասնակիցները նրանք են, ում հետ Ռուսաստանը պետք է հարաբերություններ հաստատի։ Հուսով եմ, որ Ռուսաստանը ինչ-որ միջին քաշային դիրք կզբաղեցնի և դեռ կփորձի վերականգնել արդար, անկողմնակալ բանակցողի իր դերը, որպեսզի Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղ համաձայնագիր կնքվի»,- ասել է Կալաչևը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանն ավելի վաղ կարող էր ավելի ակտիվ դեր խաղալ, բայց գնացքն արդեն գնացել է»։
«Այսինքն՝ նա կարող էր կանխել Հայաստանի պարտությունը։ Իրականում, տրամաբանությունը շատ պարզ է: Եթե ձեր դաշնակիցը պարտվում է պատերազմում, դուք նույնպես, անուղղակիորեն, պարտվում եք թե՞՝ ոչ: Ինձ թվում է՝ այո։ Բայց մեր ղեկավարությունը դա հերքում է։ Ռուսաստանը չպետք է թույլ տար Հայաստանի՝ իր հիմնական դաշնակցի, Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի պարտությունը»,- եզրափակել է Կալաչևը։