3+3 ձևաչափը չի համապատասխանում իրականությանը. Վահրամ Աբաջյան
24 Հոկտեմբերի 2023, 22:40
3+3 ձևաչափը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Աբաջյանը՝ մեկնաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում 3+3-ը։
«3+3 ձևաչափը 2020 թվականի վերջերին նախաձեռնել են Թուրքիան և Ադրբեջանը։ Նպատակն այն էր, որ զարկ տան տնտեսական համագործակցությանը, բացեն հաղորդակցության ճանապարհներ և այլն։ Հետո Մոսկվայում տեղի են ունեցել հանդիպումներ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Բայց, պետք է նշել, որ այս 3+3 ձևաչափը չի համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ ենք հասկանում 3+3 ասելով՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան Ռուսաստան։ Հիմա Վրաստանը չի մասնակցում այդ ձևաչափին և առաջիկայում չենք կարող ասել արդյոք կմասնակցի, թե ոչ։ Հիմնական պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է, քանի որ ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները։ Այլ կերպ ասած՝ այս ձևաչափը չի էլ համապատասխանում իր անվանը»,- ասաց Աբաջյանը։
Նա ընդգծում է, որ ցինիզմի գագաթնակետ է խոսել խաղաղության մասին մի երկրի հետ, որը, շուրջ 9 ամիս, 120․000 մարդու ենթարկել է սովի ու ցեղասպանությանան։
«Անդրադառնանք Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթին։ Նա մի պայման է առաջ քաշում տարածաշրջանի խաղաղության ու կայունացման համար։ Այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի համապարփակ խաղաղության պայմանագիր, իսկ դա հնարավոր է միայն երկխոսության միջոցով։ Ցինիզմի գագաթնակետ է խոսել խաղաղության մասին, երբ դու շուրջ 9 ամիսը մարդկանց ենթարկել ես սովի ու ցեղասպանության։ Բայց, հարցն այն է, թե Հայաստանի համար ի՞նչ անվտանգային երաշխիքներ է տալիս այդ խաղաղության պայմանագիրը։ Ինչպիսին են լինելու այդ պայմանագրի երաշխիքները, կամ ինչպիսիք են լինելու Հայաստանի սահմանները, այս ամենը պարզ չէ»,- ամփոփեց Աբաջյանը։