Կաթողիկոսը Կիպրոսի արքեպիսկոպոսի օգնականին ներկայացրել է բռնի տեղահանված արցախցիների խնդիրները

26 Հոկտեմբերի 2023, 00:06

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական  կենտրոնից:

Նորին Սրբությունը, ողջունելով Սրբազան Հոր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։

Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին՝ հույս հայտնելով, որ առ Աստված հավատքով և Տիրոջ զորակցությամբ մեր ժողովուրդը  կհաղթահարի Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանական գործողությունների ծանր հետևանքները։ 

Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն ցուցաբերել արցախահայությանը և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։

Վերջում Հայոց Հայրապետն ի դեմս Պորֆիրիոս եպիսկոպոսի՝ իր եղբայրական սերն ու ողջույնն է փոխանցել Կիպրոսի Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոսին։