Գործնականում Ռուսաստանն ու Հայաստանը բավականին սերտ կապված են. Անդրեյ Բիստրիցկի

25 Հոկտեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հեռանկարները։

«Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հեռանկարների մասին՝ հարկ է նշել, որ կա մի իրողություն, որում Ռուսաստանն ու Հայաստանը գործնական մակարդակում բավականին սերտ կապված են։ Այդ կապը կա, իրականացվում է, նույնիսկ, որոշ չափով զարգանում է։ Եվ, ես կարծում եմ, որ գործնական հարաբերություններում այս միտումը շատ դժվար կլինի փոխել, և գուցե, ոչ ոք նույնիսկ չի ուզում կամ մտադիր չէ դա անել։

Իհարկե, այս կյանքում ոչինչ բացառել չի կարելի, բայց գործնական հարաբերությունների մակարդակ կա, այն էլ՝ բավականին ամուր։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ անհիմն կլիներ բացառել իրադարձությունների զարգացման ամենազարմանալի սցենարները, բայց նաև կասկած չկա, որ գործնական հարաբերությունների նման մակարդակ կա», — ասել է Բիստրիցկին։

Խոսելով ՌԴ դեսպանին ուղղված բողոքի նոտայի մասին՝ փորձագետը նշել է, որ հեռուստատեսությունը լրատվամիջոց է, և լրագրողները երբեք չեն ներկայացրել պետությունը։

«Այստեղ հարցը կբաժանեի տարբեր մակարդակների։ Քաղաքական հայտարարությունների մակարդակ կա, դա մի բան է, բայց այն պետք է տարբերել գործնական հարցերից։ Հաճախ հանրային հռետորաբանությունը չի արտացոլում իրական հատվածում իրական հարաբերությունների զարգացման բնույթը: Նախ, ես չէի ուռճացնի այս հռետորաբանության, միմյանց հասցեին հնչող բացասական հայտարարությունների նշանակությունը։

Երկրորդ, ամենայն հարգանքով, բայց հեռուստատեսությունը զանգվածային լրատվամիջոց է։ Լրագրողները երբեք չեն ներկայացրել պետությունը, լավագույն դեպքում, նրանք ներկայացնում են իրենց ԶԼՄ-ները, և դա վերաբերում է բոլոր երկրների բոլոր լրագրողներին։

Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի պատասխանել բլոգերների և լրագրողների հայտարարություններին, բայց ոչ գծային, այլ պարզապես, դիտարկել՝ որպես այս կամ այն երկրում հասարակական կարծիքի՝ բավականին բարդ պատկերի արտահայտություն »,- եզրափակել է Բիստրիցկին: