Բեկորները մարմնում կինը Արցախն իր հետ է բերել | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #14

26 Հոկտեմբերի 2023, 22:00

Հայեր

Արցախյան գոյամարտի ժամանակ Լենա Գաբրիելյանը 7 տարեկան էր, երբ  արկը պայթեց իրենց տան դիմաց: Աղջնակի մարմինն ամբողջությամբ բեկորներով պատվեց, բայց բժիշկներին իր կյանքը փրկել հաջողվեց: Երկար տարիներ հիվանդանոցներում անցկացրեց, սկզբում երազեց բժիշկ դառնալ, հետո հիվանդանոցի պատերը երեխային ձանձարեցին. որոշեց հայրենիքի զինվոր դառնալ:

Փոքրամարմին, նրբակազմ զինվորական Լենան Alpha News-ին է վստահել իր ապրումներն ու հույզերը, վերհիշել հաղթահարած փորձությունները: Տեսախցիկի առջև ցույց տալով մարմնի սպիերը՝ նա ընդգծել է, որ դրանցից չի ամաչում, չի թաքցնում. այդ սպիերը վկայում են, որ ինքն ուժեղ արցախցի է, ուժեղ կին:

Պատմել է՝ իր հայրական տունը Ստեփանակերտում միշտ դիմավորում և ճանապարհում էր անցնող-դառնողներին. այն գտնվում էր մայրաքաղաքի մուտքին: Արցախյան վերջին՝ ճակատագրական մեկօրյա պատերազմից հետո նրանք այդպես ճանապարհ են դրել բռնագաղթի ճամփան բռնած իրենց հայրենակիցներին. հերթը սկսում էր իրենց տան դիմացից: Ժամերով խցանման մեջ գտնվողներին ձեռք են մեկնել, տաք ջուր ու հաց են տվել, ճաշ պատրաստել նրանց համար:

Արցունքներն աչքերին նշել է՝ ամեն ինչ արել են, որ հետաձգեն հայրենիքը լքելու պահը. իրենց տան դուռը ամենավերջին փակողներից են եղել՝ սրտում հույս ունենալով, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

«Որ ասեն՝ վերադառնալու հնարավորություն կա՝ առաջինը կվազեմ: Հույսներս կտրել ենք, որ անկախ կլինենք, բայց որ գոնե ինչ-որ կարգավիճակ լինի՝ կվերադառնամ: Օրինակ՝ պետական հաստատությունների աշխատակիցները հայեր լինեն՝ հիվանդանոցից մինչև ոստիկանություն: Անհնար է ապրել իրենց հետ կողք կողքի: Հիմա մի քանի հոգի անճարությունից մնացել են՝ նկարահանում-ցույց են տալիս, թե ցանկացել են մնաել, դա այդպես չէ: Ադրբեջանցիները կարող են խաղաղ բնակչությանը խաբել, բայց մենք տեսել ենք, թե իրենք ինչերի են ունակ: Չկա մի արցախցի, որ ասի, թե վերադառնալ չի ուզում: Այժմ վերադառնալու հույսն է մեզ ուժ տալիս»,- անկեղծացել է Լենա Գաբրիելյանը:

Կին զինվորականը շտապում է տեսախցիկի առջև ևս մեկ անգամ շեշտել՝ եթե իրենց զենքը վայր դնելու հրաման չլիներ, ապա մինչև վերջ տեր էին կանգնելու Արցախի հողին:

«Այս վերջին պատերազմին ամուսինս, եղբայրս չորս-հինգ օր շրջափակման մեջ էին մնացել: Արցախի նախագահն ու ռուս խաղաղապահներն են գնացել-հանել նրանց: Արցախահայերը զենքը վայր չեն դրել և Արցախը հեշտ ու հանգիստ չեն նվիրել թշնամուն»,- ասել է Լենան և հավելել, որ Կոռնիձորում ու Սյունիքում իրենք ջերմ ընդունելության են արժանացել, սակայն պատկերը փոխվել է, երբ Երևան են հասել: Բնակարանների վարձրավճարների գինը շատ բարձր է, աշխատանքի տեղավորման առաջարկ ստացել են, սակայն անվտանգության առումով Արցախից ոչ պակաս վտանգավոր վայրերում, օրինակ՝ Շամշադինի, Վարդենիսի հեռավոր գյուղերում, մտնել նույն «գետը» չեն ցանկանում: Իրենց տեսածն ու ապրածը հերիք է մի ամբողջ կյանք, որ կարողանան նորից ոտքի կագնել…

Մանրամասները՝ տեսանյութում: