Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին

28 Հոկտեմբերի 2023, 13:50

Հայեր

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Գերմանական Կարմիր Խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև Արցախից տեղահանված հայորդիներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։

Իր հերթին տիկին Բարբարա Բոշը, անդրադարձ կատարելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի գործունեությանը, խոսել է նաև «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Գթության խոհանոց» ծրագրի մասին։ Տիկին Բարբարա Բոշը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես առաջնահերթ են նկատվելու բռնի տեղահանված արցախցիների կարիքները։

Վերջում Հայոց Հայրապետը, ի դեմս ներկաների, իր գնահատանքն է փոխանցել Գերմանիային և գերմանացի ժողովրդին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: