ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ

21 Մայիսի 2023, 09:15

Բոլոր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով:

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Արման Բադեյանը:

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ի թիվս Հայաստանի բազմաթիվ այլ թանգարանների, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի մուտքը նույնպես ազատ է բոլոր այցելուների համար՝ մինչև ժամը 24։00:

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են տոնական միջոցառումները. նախատեսված են Գևորգ Մշեցու ստեղծագործական աթոռների ցուցադրություն, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաների կատարում, ինչպես նաև թանապուրի հյուրասիրություն։

Օրվա ավարտին՝ ժամը 21։00-ից, նախատեսվում է նաև «Վան Գոգ» տեսաֆիլմի ցուցադրություն:

Թանգարանի ավագ գիտաշխատող Անժելա Լալայանի խոսքով՝ պատկերասրահի ինքնատիպությունն այն է, որ բացի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից, թանգարանում ներկայացված են նաև քանդակներ, հնագիտական, ազգագրական և կիրառական արվեստի նմուշներ: Թանգարանում պահվում և ցուցադրվում են արծաթյա իրեր, լուսանկարներ և հնատիպ գրականություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ թանգարան-պատկերասրահի ցուցանմուշները բավական տպավորիչ են և, վստահաբար, շատ հետաքրքիր կլինեն այցելուների համար:

Անդրադառնալով առկա խնդիրներին՝ թանգարան-պատկերասրահի տնօրենն ընդգծել է՝ գրեթե բոլոր ցուցանմուշները վերականգնման կարիք ունեն: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախարարության տարատեսակ ծրագրերի միջոցով պարբերաբար հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը:

Դիլիջանի երկրագիտական թանգարանի պատկերասրահը կազմավորվել է 1958 թվականին. վերջինիս ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել Հովհաննես Շարամբեյանն ու Բորիս Պիոտրովսկին:

Պատկերասրահն ընդգրկում է XVI-XX դդ պատկանող գեղանկարնկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ, հարուստ է հայ և արտասահմանյան նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, ամերիկացի նկարիչ՝ Ռոքուել Քենտի, ռուս նկարիչներ՝ Իվան Պորֆիրովի, Իվան Շիշկինի, ֆրանսիահայ նկարիչներ՝ Էդգար Շահինի, Խաչատուր Ժերանյանի, Գառզուի բնօրինակ աշխատանքներով:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացումը: