ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հզոր քաղաքական հարված կլինի Հավաքական անվտանգության պայմանագրին. Դմիտրի Բելյակով

15 Նոյեմբերի 2023, 20:10

Կարծիք | Քաղաքականություն

ԵԱՏՄ ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Դմիտրի Բելյակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ երկրները պետք է «իրար վրա հույս դնեն», և ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա:

Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հավանականությունը հզոր քաղաքական հարված կլինի Հավաքական անվտանգության պայմանագրին:

«Բելառուսի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է շտապի Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ կատեգորիկ որոշումների հարցում, հանգում է նրան, որ այժմ հենց Բելառուսն է ընդունում ՀԱՊԿ բարձր մակարդակի գագաթաժողովը, և հանդիպումը տեղի կունենա հենց Մինսկում։

Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ, որոնք ազդում են հայկական կողմի ղեկավարության վարքագծի վրա։ Սա, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակն է, որը կարելի է ասել արդեն փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքը։ Տարբեր ուժեր, ինչպիսիք են Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, խաղում են միության պառակտման համար, քանի որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը վնաս կհասցնի ռազմական ներուժին, ինչպես նաև հզոր քաղաքական հարված կլինի Հավաքական անվտանգության պայմանագրին, անդամ երկրներին, որովհետև, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ն ի հակակշիռ է ՆԱՏՕ-ին։

Չի կարելի պարզապես վերցնել ու դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե Հայաստանը նման արմատական քայլ ընդունի և դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա հաջորդ քայլը կլինի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը։ Եվ այս իրավիճակից կօգտվի Ադրբեջանը, որը կմտնի Եվրասիական տնտեսական միություն, որին հիմա խանգարում է հենց Հայաստանը», — նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանն այս պահին ո՛չ տեխնիկապես, ո՛չ տնտեսապես պատրաստ չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Հայաստանի ղեկավարությունն այժմ սպասողական դիրք է զբաղեցնում, քանի որ հայկական ղեկավարությունը հույս ուներ, որ Ռուսաստանը կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հենց իր զորախմբի միջոցով։ Հայաստանն այս պահին ո՛չ տեխնիկապես, ո՛չ տնտեսապես պատրաստ չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այն, որ Հայաստանի առաջին դեմքերը հիմա չեն գա գագաթնաժողովին, ընդամենը որոշակի քաղաքական քայլ է, որը ցույց է տալիս վերին շրջանակների տրամադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Իմ կարծիքով, դա այնպիսի որոշակի սիրախաղ է եվրոպական առանձին երկրների առջև՝ նրանցից մեծ արտոնություններ ստանալու համար», — եզրափակել է Բելյակովը։

Հիմա եթերում