Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո․ ահազանգ պատրիարքարանից

16 Նոյեմբերի 2023, 20:40

Հայեր

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։

Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը:

«Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով»,- գրել է Գոգչյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը։

«Մենք խնդրում ենք Երուսաղեմի ողջ քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներում կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է, որը ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։