ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է համարել

17 Նոյեմբերի 2023, 18:02

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունմանը։

«Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։ Զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այդ վայրագությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է», — գրել է Ռամասվամին X սոցիալական հարթակի էջում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։