Անցկացվել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ցուցահանդեսը

22 Մայիսի 2023, 18:30

Բոլոր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օրերս կայացել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ. Համբարձումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, դասախոսներ, ուսանողներ և արվեստասերներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում կարևորել է նմանօրինակ ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց նշանակությունը և շարունակական բնույթը:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակից երիտասարդների բազմաժանր (գեղանկար, գրաֆիկա, բատիկա և այլն) ստեղծագործությունները: Ծրագրի մասնակիցները տարատեսակ ոճերով և տեխնիկաներով անդրադարձել են իրենց հետաքրքրող հայրենաճանաչողական թեմաներին՝ ստեղծելով յուրահատուկ աշխատանքներ: