Շառլ Ազնավուրի անվան քոլեջը համերգային ծրագրով տոնեց շանսոնյեի 99-ամյակը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը մայիսի 22-ին մեծն շանսոնյեի 99-ամյակը նշեց գեղեցիկ համերգով: Քոլեջի սաները հետաքրքիր մեկնաբանություններով ներկայացրել են Ազնավուրի երգերը, պատմել նրա կյանքի հիշարժան դրվագների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ընդգծել է՝ քոլեջի 700 սաներն ու 200 աշխատակիցները կարող են փաստել, որ այն օրվանից, երբ քոլեջը սկսել է կրել Շառլ Ազնավուրի անունը, այն վերելքներ է ապրում:
«Այս դժվար ժամանակներում մենք լծված ենք երիտասարդներին ինքնաիրացվելու հնարավորություն տալու գործին: Հայերն աշխարհին այնպիսի մեծեր են տվել, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Շառլ Ազնավուրը և այլք: Վստահ եմ, որ տարիներ անց այս քոլեջից ևս մեծեր են դուրս գալու»,- նշել է Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ քոլեջին շատ են աջակցում Ազնավուրի ընտանիքն ու «Ազնավուր» հիմնադրամը
Նրանք ոչ միայն ֆինանսապես, տեխնիկապես, կրթական ծրագրերի առումով ներդրում ունեն քոլեջի զարգացման գործում, այլև նրանց նախաձեռնությամբ քոլեջում վարպետության դասեր, սաների հետ հանդիպումներ են անցկացնում մշակույթի գործիչներ, որոնք ճանաչում ունեն աշխարհում: Երբ նման մարդիկ գալիս են Հայաստան, հիմնադրամի շնորհիվ այցելում են նաև քոլեջ:
Քոլեջը պատվոգիր և «Ազնավուր» կրծքանշան է հանձնել հիմնադրամին՝ իրենց սատարելու համար: Պատվոգիր և քոլեջի ոսկե մեդալ է տրվել նաև Գագիկ Ծառուկյանին, որի ջանքերով քոլեջը ռոյալ է ձեռք բերել, ինչի կարիքը շատ է ունեցել:
«Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթևիկ Սարգսյանն էլ հիշեցրել է, որ հիմնադրամն ստեղծվել է առաջին հերթին Ազնավուրի հումանիտար գործունեությունը շարունակելու համար՝ իրականացնելով սոցիալական և զարգացման ծրագրեր այդ թվում և մշակույթի ու կրթության բնագավառում, սակայն Ազնավուրի արվեստի պահպանումն ու տարածումը ևս հիմնադրամի առաքելության կարևոր մասն է:
«Հաջորդ տարի Ազնավուրի 100-ամյակն է, և հիմնադրամը մի շարք հետաքրքիր միջոցառումներ կիրականացնի Հայաստանում և Ֆրանսիայում, որոնց մասին դեռ կհայտնենք:
Այս փուլում աշխատում ենք Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների հետ, որպեսզի մշակենք հնանրությանը հասանելի միջոցառումների փաթեթ»,- շեշտել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ Ազնավուրն այնքան մեծ է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր Ազնավուրին՝ Ազնավուր երաժշտին, Ազնավուր դերասանին, Ազնավուր գրողին: