Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ քարտուղարություն

21 Նոյեմբերի 2023, 15:40

Քաղաքականություն

ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցներով որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության մեկնաբանության մեջ՝ կապված մի շարք ԶԼՄ-ներում հրապարակումների հետ:

«ՀԱՊԿ ՀԱԽ Նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների պլանի համաձայն՝ մինչ օրս աշխատանքում եղել են երկու փաստաթղթեր, որոնք առնչություն են ունեցել Հարավային Կովկասում իրադրության կայունացման հետ։

Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման նախագծերին և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությանը՝ ի աջակցություն այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին:

Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը:

Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ՀԱԽ որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են», — ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանը կազմակերպության գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը:

«Հայկական կողմը, թեեւ մյուս բոլոր դաշնակիցները սատարել են այդ որոշումը, որեւէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ եւ, ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից», — ընդգծել է Թասմագամբետովը: