«Ավանգարդ» թերթն իր 100-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկեց ցուցահանդեսով
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում «Ավանգարդ» թերթն իր 100-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկեց ցուցահանդեսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրվեցին ամեն 10 տարին մեկ լույս տեսած համարները` ներառյալ 1923 թվականի առաջին և թերթի վերջին համարները:
«Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը, ով այս պահին avangard.am-ի խմբագիրն է, հիշեցրեց՝ թերթի հիմքում եղել է գաղափարախոսություն դաստիարակելը:
«Ավանգարդը» տարբերվում էր իր ազատությամբ, մշակութային սերունդն առաջին քայլերն «Ավանգարդ»-ով է արել: Այստեղ արվեստագետները ճանաչում են ձեռք բերել, գրողներն իրենց գործերը տպագրել և բազմացրել»,- ասաց Մարտիրոսյանը:
Գրող, լրագրող Լևոն Բլբուլյանը նշեց՝ անչափելի է «Ավանգարդի» դերը սերունդների կյանքում։ Շատ «ավանգարդականներ» իրենց գրական քայլերը սկսել են «Ավանգարդ» թերթում աշխատելու տարիներին։
«Թերթն իմ մեջ շատ հաճելի հուշեր է արթացնում: Կյանքիս ավելի քան 10 տարիներն անցել է այստեղ, և կարծում եմ, որ դրանք իմ ստեղծագործական կյանքի լավագույն տարիներն են եղել:
Երբ հետին հայացք եմ ձգում, թե այն ժամանակ մենք ինչ գրողների ենք տպագրել, տեսնում եմ, որ նրանցից մեծ մասն արդեն ճանաչված անուններ են դարձել: Նույնը կարելի է ասել այլ արվեստագետների վերաբերյալ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ «Ավանգարդն» այսօր էլ այն թերթերից է, որ հետևողական ներկայացնում է արվեստագետներին, գրողներին և հատկապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին:
ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ նշեց՝ թերթի լեգենդը շարունակում է ապրել: Նրա համոզմամբ՝ թերթի ներկայությունը հասարակական, քաղաքական, մշակութային, գրական կյանքում անգնահատելի է եղել:
«Կարծում եմ՝ այսօր «Ավանգարդը» կարող է պահանջված լինել, ցանկացած լրատվամիջոց կարող է պահանջված լինել, եթե հավատարիմ է ոչ միայն լրագրության ոսկե կանոններին, այլ նաև համահունչ է տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներին, նույնիսկ արհեստական բանականության բերած այն նորություններին, որոնց հետ հաշվի չնստելու դեպքում ցանկացած ձեռնարկ դատապարված է խորտակման»,- ասաց նա:
Մարտիրոսյանը ընդգծեց Հայաստանի առաջին հանրապետությունից մեր օրեր հասած միակ լրատվամիջոցի՝ «Արմենպրեսի» դերը:
«Արմենպրեսը», անցնելով ժամանակների միջով՝ այսօր շարունակում է մնալ ամենապահանջվածներից մեկը՝ պահպանելով իր կենսունակությունը:
Կարծում եմ, որ «Ավանգարդ» թերթը վերածնելու, նորից դաշտ բերեու բոլոր փորձերն իմաստ կունանան, եթե ամեն ինչ ուղեկցվի տեղեկատվական հաղորդակցական տեխնոոգիաների ողջ գործիքակազմով, հզոր խմբագրակազմով և ժուռնալիստիկայի ոսկե կանոնները հարգելով»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
«Ավանգարդ» թերթի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ թերթը նոր ծնունդ կունենա: